Արիան AMU տառատեսակի ստեղծման պատմությունը
1998 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի պատվերով հեղինակը ստեղծեց Arial AM տառատեսակը՝ Համացանցի հայերեն մասում ArmSCII-8 այլագրմամբ աշխատելու համար։
Դրա անհրաժեշտությունը բխում էր նրանից, որ այդ պահին հայկական ոչ մի համակարգչային տառատեսակ չէր նախատեսված տեսաիպերի վահանների վրա աշխատելու համար։ Բանն այն է, որ եթե արտածող տեսասարքի տարլուծումը չի գերազանցում գոնե 600 կմվ (կետ մատնաչափի վրա) գրանշանների ուրվագծերը կետավորվում են կամայական ձեւով, եւ դա բերում է տառերի աղավաղման եւ ընթեռնելիության անկման։ Դա այնքան էլ էական չէ տպագրության դեպքում, քանի որ նույնիսկ գրասենյակային տպիչների տալուծումը 600 կմվ-ից ավել է, սակայն ցուցադրիչների տարլուծումը սովորաբար չի գերազանցում 96 կմվ, եւ այս դեպքում կտրուկ վատթարանում է ցանկացած գրվածքի վահանային պատկերը ու հատկապես համացանցային կայքերի տեսքը եւ գրավչությունը։
Խնդրիը լուծելու համար կիրառվում է, մասնավորապես, այսպես կոչված «կետաշտկման» (hinting) եղանակ, երբ տառատեսակի համակարգչային նիշքում նկարագրվում է, թե ո՛ր դեպքում ինչպե՛ս պիտի կետավորվի տվյալ գրանշանի ուրվագիծը։ Սովորաբար ցանկացած տառաստեղծական ձրագիր ունի ինքնակետաշտկման հնարավորություն, սակայն դրա շնորհիվ խնդիրը լուծվում է միայն առաջին մոտեցմամբ։ Կատարելապես այն հնարավոր է լուծել միայն ձեռքի կետաշտկման եղանակով։ Դա բավականին աշխատատար՝ շաբաթներ պահանջող եղանակ է, եւ այն պահին շատերը բավարարվում էին (ու դեռ հիմա էլ հաճախ բավարարվում են) չկետաշտկված տառատեսակներով։ Այդ էր պատճառը, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակը որոշեց պատվիրել նման տառատեսակ։ Տառատեսակներից մեկը ստացավ Arial AM անունը, որի երկրոդ բաղադրիչը Հայաստանի լատինատառ երկտառ այլագիրն էր, եւ սկսեց անվճար տարածվել նույն ծրագրի շրջանակներում Հովիկ Մելիքյանի ստեղծած ArmNLS2.0 ստեղնաշարի սարքավարիչ ծրագրի հետ՝ մեկ փաթեթով։
Երբ ռուսաստանյան ABBYY ընկերությունը ստեղծեց իր հայտնի FineReader տառաճանաչող ծրագրի հայերենով աշխատող տարբերակը անհրաժեշտ եղավ ունենալ Arial AM-ի որակի մի որեւէ տառատեսակ, որը սակայն կունենար UNICODE այլագրում։ Ստանալով հեղինակի թույլտվությունը ABBYY-ի ընկերությունում պատրաստեցին Arial AM-ի UNICODE-ային տարբերակը, որը ստացավ Arial AMU անվանումը եւ սկսեցին այն տարածել FineReader-ի փաթեթով։ Սակայն ABBYY-ի իրականացրած վերայլագրման արդյունքում Arial AM-ի ArmSCII-8 այլագրումը չվերացավ, այլ պարզապես նրան ավելացվեցին UNICODE-այլագրերը։ Արդյունքում, այս նոր տառատեսակը գործածելիս օգտվողը հաճախ չէր նկատում, թե ո՞ր այլագրմամբ է աշխատում. 8-բիտանոց ArmSCII-8-ո՞վ, թե՞ UNICODE-ով, ինչը հաճախ հանգեցնում էր թյուրիմացությունների։ Դրան ավելացել էր հայերեն ճակերտների խնդիրը։ Բանն այն է, որ այն չակերտները, որոնք ընդունված է գործածել հայերենում, UNICODE-ում տեղադրված են դրա 8-բիտանոց մասնում, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ArmSCII-8-ում գտնվում են հայկական ստորակետը եւ փոքրատառ «ե»-ն։ Դա բերեց է նրան, որ UNICODE-ով հայերեն գրվածքներն այդ տառատեսակով դիտելիս չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ եւ փոքրատառ «ե»։
Լուծելու համար այդ խնդիրը եւ շտկելու համար տառատեսակի նկատված նաեւ այլ թերությունները հեղինակը որոշեց ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից։ Նախապես այն ստացավ նույն անունը, սակայն նրանում այլեւս չկար ArmSCII-8-ի հատվածը, ինչը վերացնում է այդ տառատեսակի սկզբունքային թերությունը, դարձնելով այն UNICODE համօրինակին լիովին համապատասխանող տառատեսակ։ Դրանից բացի, ի տարբերություն նախորդ վարկածի, սրանում ուղիղ եւ թավ ոճերից բացի կային նաեւ շեղ եւ թավ շեղ ոճերը (թեեւ առանց կետաշտկման)։
Հետագայում, հեղինակային իրավունքի տեսակետից մաքուր արտադրանք ունենալու համար, որոշվեց տառտատեսակը վերանվանել «Արիան», պահպանելով սակայն AMU հավելումը։ Իր առաջին թողարկման դրությամբ Արիան AMU լիովին համընկնում է Արիալ AMU-ին եւ որեւէ համակարգում դրա կիրառումը վերջինի փոխարեն չի կարող որեւէ փոփոխություն մտցնել տվյալ համակարգում։ Այնուամենայնիվ, թեեւ այդ փոխարինումը կապված է նվազագոյն ջանքերի հետ (անհրաժեշտ է փոխել ընդամենը մեկ տառ) միեւնույն է այն կապված է որոշակի լրացուցիչ գործողությունների հետ, ուստի եւ այդ կապակցությամբ հեղինակը հայցում է իր օգտվողների ներողամտությունը։